10 մայիսի 2024 - 14:06 AMT
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են

Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են անցկացվում, իսկ ժամը 18։30-ին կմեկնարկի հանրահավաքը, ինչի մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան առաջնորդած՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Մասնակիցների մի մասն արքեպիսկոպոսի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։ Երթը մոտենում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին, հայտնում է «Ազատությունը»։

Կոնսերվատորիայից փոխանցել են, որ ուսանողներն իրենց ցանկությամբ են միանում դասադուլին, այս պահին համընդհանուր դասադուլ չկա:

Բագրատ սրբազանի առաջնորդած երթին միացել են նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, մյուսները շենքում են, հայտնում է Aysor.am-ը։

Երբ երթը հասել է համալսարան, դռները փակ էին։

«Պարո՛ն Գյուրջինյան, վստահաբար Դուք հիմա տեսնում եք ուղիղ եթերում։ Դռները բացել տվեք և բռնություն մի գործադրեք ժողովրդավար Հայաստանում։ Ձեր արածն ուղղակի սխալ է։ Ուսանողներին մի՛ արգելեք իրենց ինքնարտահայտումն ունենալ։ Դուք չեք ուզում անհամաձայնություն արտահայտել այն արժեքների, կորուստների նկատմամբ, որոնք Դուք քարոզել եք։ Թույլ տվեք՝ ուսանողներն իրենք անեն»,-հայտարարել է Բագրատ սրբազանը։

«Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե անհնազանդության ակցիաներ արեք։ Հիմա ասում եմ փողոց փակեք, ժողովուրդ ջան։ Ինչ փողոց կա բոլոր հնարավոր տարբերակներով փակեք։ Լուր ունենք, որ Սյունիքի մարզում հստակ փակված ճանապարհ կա, ու Սյունիքի դարպասները կբացվեն այն ժամանակ, երբ մենք կուզենք կամ կասենք»,– ասել է Բագրատ սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովորւմ նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։