Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի

Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի

PanARMENIAN.Net - Փաստաբան Նորիկ Նորիկյանն անդրադարձել է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործին՝ նշելով, որ իր հավաստի տեղեկություններով մեղադրանք է առաջադրվել դեպքի օրը հերթապահած պարտադիր ժամկետային զինծառայողի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը։

«Իմ ունեցած հավաստի տեղեկություններով երկու օր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին։

Առաջիկա օրերի ընթացքում նշված գործի ընթացքի վերաբերյալ հանդես կգանք առավել մանրամասն դիրքորոշմամբ, սակայն հարկ եմ համարում այս պահին ընդգծել, որ զոհված 15 զինծառայողների ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ ենք լինելու այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի իրական հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է գրառման մեջ

2023–ի հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, եղել են նաև վիրավորներ։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Կան նաև այլ մեղադրյալներ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---