11 մայիսի 2024 - 15:03 AMT
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024–ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարություններից: Այդ մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում:

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Փաշինյանին կոչ է արել վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ արդարադատությունը վերականգնելու Հայոց ցեղասպանության հարցում։

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը պաշտոնական ոգեկոչման հայտարարություն է տարածել, որում, ըստ ամենայնի, զբաղված է ցեղասպանության զոհերի քննադատությամբ՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար»,– նշված է հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։

Ընդգծվում է, որ Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ, ինչպես նաև նրա ակնհայտ ընդունումն այդ երկրների պնդումների վերաբերյալ, թե Հայաստանը խոչընդոտ է Հարավային Կովկասում խաղաղության համար, հայ հասարակության շրջանում հաստատուն բանավեճերի տեղիք է տվել: Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մեջ ամենաուշագրավը, թերևս, ագրեսորների մասին որևէ հիշատակման բացակայությունն էր։

«Փաշինյանը հայտարարեց, թե «...պետականություն չունեցող հայ ժողովուրդը դարեր առաջ կորցրել է իր պետականությունը և, փաստորեն, մոռանալով պետականության ավանդույթները, աշխարհաքաղաքական խարդավանքների ու սուտ խոստումների զոհ դարձավ»։ Փաշինյանն այնուհետև անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակվող և բազմաշերտ պատմական ճնշումները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ցեղասպանության ինստիտուտի Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության առաջնորդներին ցեղասպանության համար մեղադրելու փոխարեն Փաշինյանն ուշադրությունը վերահղում է հայերին մասնավորապես ժամանակի քաղաքականությունն ընկալելու` հայերի ակնհայտ անկարողությանը։ Ըստ երևույթին, նա նկատի ունի այդ ժամանակաշրջանում Ռուսական կայսրության և արևմտյան տերությունների գործողությունները, որոնք խոստացել էին պաշտպանել հայերին, բայց չկատարեցին խոստումը՝ իրավիճակն էլ ավելի վատթարացնելով:

«Փաշինյանի թեզերը միաժամանակ ձայնակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որն արդարացնում է այն։ Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Հայաստանի վարչապետն, ըստ էության, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ նսեմացնելով ճանաչմանն ուղղված բոլոր նախկին ջանքերը»,–նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։ Փաշինյանը կարծես փորձում է համոզել, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից միայն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի այժմյան զավթողական ծրագրերին։

Միաժամանակ ընդգծվում է, որ Փաշինյանը պատասխանատու է Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար, քանի որ դրանք ոչ միայն վտանգում են այն ճանաչելու տքնաջան ջանքերը, այլև վտանգավոր նախադեպ են ստեղծում նման ոճրագործությունները կոծկելու համար։

«Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են սպառնում, որոնք շարունակում են ցեղասպան հայատյացություն քարոզել ամբողջ աշխարհում»,–նված է հայտարարության մեջ։