Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում

Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում

PanARMENIAN.Net - Հետաքննող լրագրողներն ուսումնասիրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության ղեկավար Բայլար Էյուբովի կարողությունը և պարզել, որ նրա ընտանիքը երեք շքեղ առանձնատուն ունի հյուսիսային Լոնդոնում, ինչպես նաև՝ միլիոնավոր դոլարների այլ անշարժ գույք։

OCCRP-ի հրապարակած նոր հետաքննության համաձայն՝ Էյուբովների ընտանիքը Մեծ Բրիտանիայում և Դուբայում առնվազն 160 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի։ Էյուբովի կնոջն ու դստերը պատկանող օֆշորային ընկերությունները 114 միլիոն դոլար են ծախսել Միացյալ Թագավորությունում անշարժ գույքի վրա: Ընտանիքը նաև ավելի քան 46 միլիոն դոլարի սեփականություն ունի Դուբայում, գրում է Factor.am-ը։

Բայլար Էյուբովնն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարն է։ Ավելի վաղ էլ նա նույն պաշտոնն է զբաղեցրել Հեյդար Ալիևի օրոք։ Ընտանիքը Մեծ Բրիտանիայում ակտիվները պահում է գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք ձեռք են բերվել 2007-ից 2018 թվականներին:

Լրագրողները չեն կարողացել գտնել այս ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները: Նույնիսկ այն փաստը, որ դրանք պատկանում են Էյուբովներին, հայտնի է դարձել 2022 թվականի օրենքի շնորհիվ, որը պահանջում է բրիտանական սեփականություն ունեցող արտասահմանյան ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին: Դուբայում, որտեղ անշարժ գույքի սեփականության մասին տեղեկությունները , ընդհանուր առմամբ, հանրությանը հասանելի չեն, Էյուբովը և ընտանիքի մի քանի անդամներ ունեն իրենց անուններով վիլլաներ և գրասենյակային տարածքներ, համաձայն արտահոսած փաստաթղթերի: Էյուբովի կինը նաև բաժնետոմսեր ունի երկու բիզնեսում՝ լոնդոնյան հայտնի սրճարաններից մեկում և Բաթումիում գտնվող բարձրակարգ հյուրանոցում:

Առնվազն մինչև 2020 թվականը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Էյուբովի տարեկան աշխատավարձը չի գերազանցել 22,000 դոլարը։ Նրա կնոջ ներկայիս աշխատանքի վայրը անհայտ է, սակայն 2016 թվականին նա աշխատել է Ադրբեջանի պետական բուսաբանության ինստիտուտում, իսկ նրա դուստրն աշխատում է որպես մարզիչ (life coach) Մեծ Բրիտանիայում: Էյուբովը ևս հինգ երեխա ունի, սակայն լրագրողներին չի հաջողվել պարզել, թե արդյո՞ք նրանցից որևէ մեկն ունի եկամտի զգալի անկախ աղբյուր։

Միջազգային ճգնաժամային խմբի 2010 թվականի զեկույցում Էյուբովը նշվում է որպես Ադրբեջանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ընդգծմամբ, որ նա «եզակի մարդկանցից մեկն է, որը մշտական անմիջական կապ ունի նախագահի հետ»:

2008 թվականին Wikileaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ դիվանագիտական հեռագրում ֆրանսիացի գործարարը պնդում է, որ Էյուբովը ճնշում է գործադրել իր վրա՝ վաճառելու Ադրբեջանի խոշորագույն տեղական գարեջրի գործարաններից մեկի բաժնետոմսերի 40 տոկոսը: Ենթադրաբար, վախենալով իր բազմամիլիոնանոց ներդրումներից՝ գործարարը վաճառել է իր մասնաբաժինը ռուսական ընկերությանը և լքել Ադրբեջանը։ Նրա անունը հայտնվել էր նաև Pandora Papers-ում․ 2007 թվականին նա օգտագործել է օֆշորային ընկերություն՝ անհայտ ծագման գումարներ ստանալու համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---