Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա

Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ են սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։

Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Իրավիճակը լարվել Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածում, որտեղ ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին, հայտնում է «Ազատությունը»։

Ժամը 10-ի դրությամբ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 13–ի երեկոյան հայտարարեել էր, որ պետական համալսարանից բացի երթի մասնակիցները կլինեն Հայաստանի ժուռնալիստների միությունում՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին աշխատանքի համար, այնուհետև կշարժվեն դեպի մետրոյի Գարեգին Նժդեհ կայարան։ «Ճնշումը պետք է մեծացնել», - ասել էր սրբազանը։

Մայիսի 13–ի անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման էր ենթարկվել 171 քաղաքացի։ Երեկոյան բոլորն ազատ են արձակվել։ Այդ ինը ժամում ավելի շատ մարդ էր բերման ենթարկվել, քան անհնազանդության նախորդ 2 օրերը միասին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---