Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին

Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է մայիսի 9–ին Կրեմլում տեղի ունեցած ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը՝ նշելով, որ այդ կարևոր թեման անտեսվում է ցույցերի և բողոքի ակցիաների ֆոնին, ընդ որում, նաև փորձագետների կողմից։

Նա հավելել է, որ Հայաստանում անընդհատ խոսում են, թե ինչ է ուզում Կրեմլը, խոսում են Կրեմլի ագենտների, հինգերորդ շարասյան մասին, բայց անտեսում են կոնկրետ այցը և դրա արդյունքները։ Մասնավորապես, ըստ նրա, խոսքը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսոկովի այն հայտարարության մասին է, որ «հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան ՀՀ–Թուրքիա և ՀՀ–Իրան սահմանին», որը ՀՀ չի հերքել։

«Ի՞նչ է եղել Կրեմլում, կամ ինչ է պատահել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է, որ ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին, մինչդեռ նման հարց մինչ այդ չի էլ քննարկվել՝ խոսակցություններ եղել են փոխրձագիտական մակարդակով, բայց ՀՀ–ից երբեք նման պահանջ կամ հարցադրում չի հնչել:

Ինչ է եղել Կրեմլում, որ Հայաստանի վարչապետը խնդրել է Պուտինին, որ մեր բարեկամ Իրանի հետ սահմանին, որտեղից վտանգներ չունենք, ՌԴ սահմանապահները շարունակեն ծառայել։ Թուրքիայի հետ սահմանի մասով ակնհայտ է, որ դիվանագիտական հարաբերություններ չկան, չնայած Հայաստանում մեծ ջանքեր են գործադրում Ցեղասպանության ուրացման, զոհերի անուն–ազգանունների փնտրտուքի առումով, որը թուրքական լոբինգ է։ Ես ուզում եմ մեր մեդիա դաշտում այս հարցը քննարկենք, որևէ փորձագետ այս հարցին չի անդդառանում»,–ասել է Մարուքյանը՝ դիմելով մասնավորապես արևմտամետ փորձագետներին։

Նա հավելել է, որ ստացվում է՝ երկրի ներսում ժողովրդին ասել են, թե գնում ենք Եվրամիություն, մյուս կողմից` խնդրում են ռուսներին, որ մնան։

«Մի կողմից Հայաստանը ԵՄ դիտորդներին ասում է՝ եկեք սահմանին մոնիտորինգ արեք, մյուս կողմից ՌԴ-ին խնդրում է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին մնալ, հետո ՌԴ-ին ասում է դուրս եկեք «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս ինչ շիլափլավ է, սա ինչ երկիր է։ Եվրամիության առաջադեմ պաշտոնյաները հիմա ինչ կմտածեն Հայաստանի մասին»,–ասել է նա՝ հորդորելով Հ1 հրավիրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և պարզել, թե «ինչ է տեղի ունեցել Կրեմլում, որ մենք գնացել եւ խնդրել ենք, որ մնան»,–ասել է Մարուքյանը։

ՀՀ–ն հայտարարել է, որ մայիսի 9–ին Փաշինյան–Պուտին հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել ՝ Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերումը, այն, ինչ ասվում է նաև ՀՀ հաղորդագրության մեջ։ Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։

 Ուշագրավ
---