14 մայիսի 2024 - 15:48 AMT
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Դանիայում տեղի ունեցած հանդիպմանը զրուցակիցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը մասնակցելու համար:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: