«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում

«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում

PanARMENIAN.Net - «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ դիմում են ներկայացնում։

Հանցագործության մասին դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախորդ անգամ «ՀայաՔվեն» հանցագործության մասին մեկ այլ հաղորդում էր ներկայացրել դատախազություն, որը վերաբերում էր ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի փաստացի գրավման հետ կապված ապօրինություններին։ Դիմումում եղել է տեղեկություն մարդկանց խոշտանգման, անհամաչափ ուժի կիրառման, մարդկանց երթևեկության և տեղաշարժի սահմանափակման, ԶԼՄ–ների աշխատանքի ազատության սահմանափակման և այլնի մասին։

«Սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում 2 հանձնաժողովի հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է։ Մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Դա էլ եթե կնքվում է, այնուհետև Սահմանադրական դատարանը պետք է հաստատի, վավերացվի խորհրդարանում։ Կա ևս մեկ կետ` սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հայաստանն այդ ամենը չի արել, միևնույն ժամանակ հանձնաժողովն էլ իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա այդ երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի միջոցով, կհամարվի սահմանազատված»,– նշել է Չալաբյանը։

Նա ընդգծել է, որ տեղի ունեցողը օրենսդրությամբ կոպտագույն խախտում է, գործընթացը պետք է հանրաքվեով իրականացվի, քանի որ ՀՀ տարածքը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Ըստ քաղաքական գործչի` սա էլ նշանակում է, որ առանձին վերցրած որևէ պաշտոնատար անձ չի կարող սահմանազատման վերաբերյալ պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Չալաբյանը շեշտել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)։

«Եթե դատախազությունը թերանա, քննչական մարմինները թերանան, ապա կգնանք դատարանների միջոցով դա բողոքարկելու ճանապարհով։ Հետամուտ կլինենք, որ քրեական գործ հարուցվի»,– նշել է Չալաբյանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---