15 մայիսի 2024 - 12:32 AMT
Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել

Մայիսի 14–ի երեկոյան 5 անձ ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ և այդ քաղաքացիները ձերբակալվել են։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հայտնում է Factor.am-ը։

Նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, «որը հերքվել է անձնական խուզարկությամբ», սակայն քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ՝ ձերբակալվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առերևույթ խուլիգանական արարք կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել։ Հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով։