Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է

Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին լրանում է Տավուշի մարզում սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման նախանշված ժամկետը։

ՀՀ ԱԳՆ ապրիլին տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների «նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է՝ նշելով, սակայն, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 3 կետի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։

Սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, գրում է «Ազատությունը»։

Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ երբ Տավուշի հատվածում ամբողջական սահմանազատում լինի, այն ժամանակ էլ Հայաստանի Զինված ուժերը ետ կքաշվեն իրենց դիրքերից:

«Մինչև մայիսի 15-ը պետք է ավարտվեր սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, բայց արդեն ինչ-ինչ պատճառներով մի երկու-երեք հատվածում դեռ սահմանազատված չի, և էդ երկու-երեք տեղն էլ արդեն կգան ընդհանուր հայտարարի, սահմանազատման-սահմանագծման աշխատանքները կավարտվեն, դրանից հետո արդեն էս առաջին փուլի ընդհանուր պայմանավորվածությունը որ կա սահմանազատման-սահմանագծման աշխատանքների՝ փուլը լիովին կավարտվի, նոր արդեն երկրորդ կետով արդեն զորքերը հետ կքաշվեն՝ իրենց տեղը զիջելով սահմանապահ զորքերին։

Կիրանցում՝ նույն կամուրջը, կամ նմանատիպ, ասենք, տեղեր կա, որ, ասենք, հիմի շատ հնարավոր է, որ մենք իրենց հետ համաձայնեցնենք՝ էդ խնդիրները լուծվի: Դրա համար գործընթաց է գնում, որպեսզի, ասենք, հուզումներ չլինեն», - ասել է Մելքոնյանը:

Այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Բագրատ սրբազանի շարժումը ինչ-որ առումով ազդեց, որպեսզի առայժմ դադարեցնեն, և այդ վիճահարույց տեղերում չանեն սահմանազատում, Մելքոնյանը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, դա Բագրատի հետ կապված ոչ մի բան... ընդհակառակը՝ էդ շարժումը խանգարեց, լիովին խանգարեց, և եթե էդ շարժումը չլիներ, հիմի ավելի շուտ էդ գործընթացը կավարտվեր»,–ասել է նա:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն Ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվելու են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապվա ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթեր սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---