Վրաստանի ընդդիմությունը համընդհանուր ազգային անհնազանդություն է ծրագրում

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմությունը, որը պահանջում է նախագահի հրաժարականը եւ երկուշաբթի անարդյունք համարեց իր հանդիպումը պետության ղեկավարի հետ, մտադիր է համընդհանուր ազգային անհնազանդություն հայտարարել ողջ երկրի տարածքում, այդ մասին խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է Ազգային համաժողովի առաջնորդներից մեկը` Գուբազ Սանիկիձեն: «Այսօրվա հանդիպումից հետո ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ ճիշտ է, որ մենք այստեղ փողոցում ենք կանգնած: Մենք պետք է ցույց տանք, որ երկրում այնուամենայնիվ ճգնաժամ է: Բոլորը պետք է փողոց դուրս գան, ցույց տալու համար, թե ինչ է կատարվում»,-հայտարարել է Կախա Շարտավան հանրահավաքում: «Վաղվանից մենք հայտարարում ենք համընդհանուր տագնապ եւ համընդհանուր մոբիլիզացիա: Ցույցեր կսկսվեն Վրաստանի ողջ տարածքում: Եթե պահանջվի, մենք կհասնենք համընդհանուր անհնազանդության»,-նշել է Շարտավան:



Քաղաքի երկու կարեւորագույն պողոտաների հետ մեկտեղ, որոնք փակ են այսօրվա դրությամբ, կփակվեն նաեւ մյուս պողոտաները: Նրա խոսքերով, ընդդիմությունը հուսով է, որ բողոքի ցույցերին առաջին հերթին կմիանա Բաթումը, որին կհետեւեն Վրաստանի մյուս քաղաքները:



Սանիկիձեն հավելել է նաեւ, որ երեքշաբթի ընդդիմությունը կներկայացնի գործողությունների հետագա պլանը, որը կհրապարակվի հանրահավաքում 17:00-ին:



«Դաշինք հանուն Վրաստանի» առաջնորդ Իրակլի Ալասանիան զսպվածության կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին: «Այսօրվա հանդիպումից հետո ես գտնում եմ, որ երկխոսության շանսերը սպառված են եւ հարկավոր է որքան հնարավոր է խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնել»,-ընդգծել է Ալասանիան:



Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարելէ, որ «ընդդիմությունը չի պատրաստվում սպասել մինչեւ 2013թ., որպեսզի Սահակաշվիլին հեռանա»: «Մենք ոտքի կհանենք ողջ Վրաստանը: Սահակաշվիլին հեռանալու վերջին շանսն ունի, դրանով նա ցույց կտա, որ իր համար ոչ թե աթոռն է կարեւոր, այլ Հայրենիքը, որպեսզի նրա երեխաները կարողանան առանց ամաչելու նայել ժողովրդի աչքերին: Մենք մինչեւ վերջ կգնանք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը դառնա ժողովրդավարական, կայուն երկիր ուժեղ տնտեսությամբ ու ազատ ԶԼՄ-ներով, եւ որպեսզի այդ ամենը լինի իրական, ոչ թե վիրտուալ»,-հայտարարել է Բուրջանաձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---