Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն

Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին՝ նշելով, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը, հայտնում է Արմենպրեսը։

Նշվել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա:

Վարչապետի աշխատակազմի պատասխանում ասվում է, որ արձանագրության մեջ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջև սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Այն հարցին, թե ինչու են ընտրվել 1976 թվականի քարտեզները, տրվել է հետևյալ պատասխանը․ «Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը»։

Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Հարց է տրվել, թե ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

«Այդ ձևակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը և իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչև Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են»,–ասվում է վարչապետի աշխատակազմի պատասխանի մեջ։

Հարց է հնչել, թե ինչպե՞ս են լուծվելու Կիրանցի հետ կապված հարցերը, քանի որ Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել՝ նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:

«Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»,–ասվում է պատասխանում։

Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում սահմանազատման արդյունքների վերաբերյալ նշվել է, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:

«Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա»,–ասվում է պատասխանի մեջ։

Այն հարցին, թե ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա, տրվել է հետևյալ պատասխանը՝ «դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»

Այն դիտարկմանը, որ կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար, պատասխան է տրվել, որ դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ:

«Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում ևս»,–ասվում է վարչապետի աշխատակազմի պատասխանի մեջ։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---