Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել

Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։ Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է«Փաստինֆոն»։

Հանցագործության մասին հաղորդումը դատախազություն է ներկայացրել «Հայաքվե» նախաձեռնությունը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ապօրինի սահմանազատման փաստով։

«Մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա, որը, եթե կնքվում է, այնուհետև պետք է հաստատվի Սահմանադրական դատարանում և վավերացվի ԱԺ-ում։ Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ մի տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնցից որևէ մեկը չի անցել։ Այն հանձնաժողովը, որը դրանով զբաղվում է, իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա երկու հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, կհամարվի սահմանազատված, ինչը կոպտագույն խախտում է բոլոր օրենքների և մեր բոլորի իրավունքների»,-հայտարարել էր Ավետիք Չալաբյանը՝ մանրամասնելով հանցագործության մասին հաղորդման բովանդակությունից։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---