Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների պատանդը չպետք է լինի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդ չպետք է դառնա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը:



«Այդ գործընթացը սկսելիս, հայկական եւ թուրքական կողմերը պայմանավորվել էին, որ այն կընթանա առանց նախնական պայմանների, նախապայմանների, ինչպես նրանք են ասում: Իսկ որպես այդպիսի պայման Թուրքիան նախկինում ներկայացնում էր զգալի առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում առաջխաղացումը պայմանավորում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, այսպես կոչված, զգալի բեկմամբ», - ասել է նա:



Այժմ, նրա խոսքերով, եթե հավատանք Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի, որն այդ գործընթացում խաղում է միջնորդի դեր, արտգործնախարարությունների վերջերս արված համատեղ հայտարարության մեկնաբանություններին, հարկ է ենթադրել, որ այդպիսի նախապայմաններ չկան կողմերից եւ ոչ մեկի մոտ:



«Ուստի մենք կարծում ենք, որ գործընթացներն, իհարկե ազդում են մեկը մյուսի վրա: Սակայն այդ ազդեցությունը պետք է դրական լինի, եւ նրանք, ասես, զարգանում են զուգահեռ, չհատվելով: Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան ավելի վաղ ձեռք կբերվի, ինչ-որ տեղ` ավելի ուշ, սակայն համանախագահների տեսանկյունից, գլխավորն այն է, որ մեր գործընթացը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդը չդառնա», - ընդգծել է Մերզլյակովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---