17 մայիսի 2024 - 17:34 AMT
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն:

Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի ստատուս քվոյի փոփոխությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:

Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:

Հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը:

Ավելի վաղ Երուսաղեմի հայ համայնքը հրատապ կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ խնդրելով համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։ Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։