Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»

Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ, որոնք զոհվել են Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել X-ի իր միկրոբոլոգում։

«Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկեր և ընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը ՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Նշվում էր մառախուղն ու վատ եղանակը։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից հետո, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը։ Մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող տեղ են հասել։

Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են, հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն ԻԻՀ Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---