Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և վարչապետի հնարավոր թեկնածու առաջադրելու մասին խոսակցություններին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ։

Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե հրապարակը ճնշի, ի՞նչ են անելու, Սիմոնյանը արձագանքել է. «Այսինքն, որ հրապարակը ճնշի, պետք է քանդե՞նք Սահմանադրությունը», հայտնում է Aysor.am-ը։

Երբ լրագրողները թվարկել են ՔՊ-ի հակասահմանադրական քայլերը, մասնավորապես, դատարանները շրջափակելը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա նրանց անձնական գնահատականն է։

«Դա ձեր անձնական գնահատականն է, այսինքն ՝ եթե ժողովուրդը հավաքվում է պետական հիմնարկի մեջ, դատարանի մոտ, նշանակում է սահմանադրական կարգի տապալո՞ւմ»,–ասել է նա։

Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման Բագրատ սրբազանի հետ։

«Ժողովուրդ, ոչ մի ինտրիգ, ոչ մի արտառոց բան իշխանության կյանքում չի կատարվում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում քաղաքական գործընթացներ են, դրանք եղել են միշտ ու լինելու են»,- նշել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահամար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Հայտնի է, որ նա ունի նաև Կանադայի քաղաքացիություն, որից պատրաստ է հրաժարվել։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---