22 մայիսի 2024 - 11:59 AMT
Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 21–ին, Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ամփոփելով օրվա արդյունքները, հայտարարել է, որ մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, ժողովրդին հրավիրում է հանդիպելու Երևանի կենտրոնական հրապարակում։

«Մեծ և կարևոր հանրահավաքի եմ հրավիրում, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ, կիմանանք մեր առաջիկա անելիքները, թե ինչպիսի ծրագիր է դրված սեղանին, ինչ կոնկրետություններ կան։ Շատերին հուզող հարցերի պատասխանները կստանանք, և կընթանանք երրորդ փուլի ամփոփմանը, որը կոչել ենք «Մայիսը լավ ամիս է»։ Ուրեմն մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին»,-հայտարարել է Սրբազանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ մայիսի 27-ին կմեկնարկեն կոնկրետ նախաձեռնությունները։

Նկատելով, որ այդ օրվա մեջ էլ իշխանությունները «կոդ» կտեսնեն, թե ժողովրդին տանում են ճակատամարտի՝ Բագրատ սրբազանն ասել է, որ այդ մարդկանց իշխանության մնալու «ամեն օրը դժբախտություն է՝ ֆիզիզկական, հոգեբանական և բարոյական»:

«Ինձ չհավատաք՝ գնացե՛ք Կիրանց, Ոսկեպար, տեսե՛ք մարդկանց, գնացեք քաջ, հերոսական մարդկանց կցկված վիճակը տեսեք, տեսեք ու մի հոզվեք, մի սարսափեք»,- ասել է սրբազանը։

Քաղաքագետների, փորձագետների հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպմանը սրբազանն ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է՝ այս իշխանությունը պետք է գնա, ուրիշ տարբերակ չունի, չգնալու եղանակ էլ չունի, պետք է հեռանա, գրում է Panorama.am-ը։

«Այդ հեռանալու միջոցներն ու ձևերը մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք»,- ասել է Սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահարմար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Հայտնի է, որ նա ունի նաև Կանադայի քաղաքացիություն, որից պատրաստ է հրաժարվել։