Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էսմայիլին, որը եղել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռին ուղեկցող մյուս ուղղաթիռներից մեկում, նոր մանրամասներ է ներկայացրել ավիավթարի վերաբերյալ։

Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել է միայն մեկ հատվածում՝ Սունգուն պղնձի հանքավայրի տարածքում, գրում է IRNA գործակալությունը։

«Թռիչքից 30 րոպե անց հանքավայրի տարածքում ամպամածություն կար, սակայն մառախուղ չէր։ Հնարավոր է՝ կիրճի խորքում կար մառախուղ, բայց մեր թռիչքի ուղղությամբ մառախուղ չկար։ Ամպերն ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Ուղղաթիռի օդաչուն, որում նախագահն էր, որպես հրամանատար, մեզ հրահանգեց բարձրություն հավաքել և շարունակել թռիչքն ամպերից վեր։

Ուղղաթիռները բարձրություն հավաքեցին, սակայն մոտ 30 վայրկյան անց մեր օդաչուն հասկացել է, որ Իրանի նախագահի ուղղաթիռը չկա տեսադաշտում։ Մեր օդաչուն շրջադարձ է արել՝ փորձելով գտնել Ռայիսիի ուղղաթիռը, սակայն այն կապի դուրս չի եկել մոտ մեկուկես րոպե։ Ինձ ասացին, որ Ռայիսիի ուղղաթիռը կարող էր կործանվել»,–պատմել է Էսմայիլին։

Նրա ուղղաթիռը վայրէջք է կատարել Սունգուն հանքի մոտ։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է բջջային հեռախոսով կապ հաստատել Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամա Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշի հետ, որն ասել է, թե չգիտի որտեղ է՝ ինչ-որ տեղ ծառերի տակ է, և իրեն լավ չի զգում։

«Նա ասաց, որ չգիտի, թե ինչ է կատարվել, ոչ ոքի չի տեսնում, մենակ է։ Նա նկարագրեց անտառը։ Մեզ համար պարզ դարձավ, որ ուղղաթիռը կործանվել է։ Մենք մի քանի անգամ խոսել ենք Հաշի հետ, նա մոտ 3 ժամ պատասխանում էր զանգերին։ Հետո պարզվեց, որո բոլորը միանգամից մահացել են, միայն Հաշն է մահացել մի քանի ժամ անց։ Ոչ պայթյունի ձայն է լսվել, ոչ կրակ է երևացել, ոչ ծուխ»,–ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ երբ փրակարարները հասել են դեպքի վայր, եղանակն արդեն բոլորովին այլ էր՝ փոխվել էր։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---