Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար

Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարանների նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղությանն ուղղված ջանքերը, ռազմագերիների ազատ արձակումը նախապայման են խաղաղ բանակցությունների համար։ Նա շեշտեց՝ այս հարցում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը հստակ է։

«Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որովհետև սա մեզ համար կարևոր է, եթե անհրաժեշտություն լինի, կուժեղացնենք այն և ջանքեր կներդնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում»,- նշել է Պատգամավորների պալատի նախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հռոմի ստատուտի վավերացումը և այլն։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ Լյուքսեմբուրգի դիրքորոշումը մշտապես հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում։ Մասնավորաբար, ՀՀ ԱԺ խոսնակը հիշեցրել է Լյուքսեմբուրգի խորհրդարանում վերջերս ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը։ Փաստաթղթում անդրադարձ է արվում մի շարք հարցերի, ներառյալ՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներին, Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ին ընդունված, պարտադիր ուժ ունեցող որոշման կատարմանը, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կարևորությանը և այլն։

«Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-Եվրամիությաւն և Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացումը»,- նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, երկրները պատրաստակամ են համագործակցել քաղաքականից մինչև պաշտպանական, դիվանագիտականից մինչև տնտեսական, գիտական և այլ ոլորտներ։

Մայիսի 16–ին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Հղում կատարելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ բանաձևը կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին Ադրբեջանի կողմից։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---