ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա

ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել է, որ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը նաև խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցը Երևանը քննարկում է Բաքվի հետ, սակայն համաձայնություն դեռ չկա, քննարկումները շարունակվում են, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով, Ալմաթիի հռչակագրի նշումով և ունենք նկարագրությունն այն ամենի, ինչ մասին մենք խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է, և պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց մենք դեռ չունենք համաձայնություն և քննարկումները շարունակվում են», - ասել է Սիմոնյանը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո էլ կոնկրետ պատասխան չէր տվել, թե հաջողվե՞լ է համաձայնության գալ, որ խաղաղության պայմանագրում նույնպես ներառվի Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը։

«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում», - ասել էր Միրզոյանը։

Ալմաթիում երկու օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել էին, որ դեռևս համաձայնության չեն եկել բոլոր հարցերի շուրջ։ Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---