Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ

Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն, Ասողիկ աբեղա Կարապետյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը մայիսի 28–ին կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձի մասին, այն անվանել է «անպարկեշտ և անհեթեթ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը։

«Սարդարապատի հուշակոթողի առջև պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին:

Թող քաջ գիտակցեն ամենքը, որ որևէ մեկը՝ շարքային ուժայինից մինչև պետության վերին իշխանավոր, իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց Հայրապետի շարժն ու այցը. հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջև, և այդ ամենը խնամքով ու պատկառանքով պետք է ապահովեն ու իրագործեն հենց պետական գործիչներն ու ծառայողները: Քանի որ մեր Հայրենի երկրում մեր Սբ Եկեղեցին մարմնավորում է պետության խիղճը, Սբ Եկեղեցին է բարոյական ըմբռնումների և հոգևոր բարձրագույն արժեքների կրողն ու քարոզիչը, իսկ Ամենայն Հայոց Հայրապետն էլ անձնավորում է բովանդակ Հայոց Եկեղեցին»,–ասվում է գրառման մեջ։

Մայիսի 28–ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ոստիկանական ուժերը խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։ Այնուամենայնիվ, Վեհափառին և հոգևորականներին հաջողվել է անցնել ոստիկաններին, ծաղիկներ խոնարհել և հոգեհանգստյան կարգ իրականացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, հայտարարել է, թե Գարեգին Երկրորդը Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել՝ «ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե այլ նպատակով»։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---