12 մայիսի 2009 - 20:25 AMT
Վրաստանը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման կողմից
Վրաստանի համար ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի, ուստի պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում միանգամայն պարզ է. որքան շուտ բացվի սահմանը, այնքան լավ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Վրաստանի դիվանագիտական շրջանակներից աղբյուրը, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցությունն ի բարօրություն բոլոր երեք երկրների է: «Մենք երբեք չենք խոսել, թե չենք ցանկանում Հայաստանի հետ սահմանի բացումը տնտեսական նկատառումներով. իբր, Վրաստանն արդյունքում ավելի քիչ կստանա բեռների փոխադրման համար: Ընդհակառակը, մենք միշտ կողմ ենք եղել, որովհետեւ դա այլընտրանքային ճանապարհ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Մեր երկրներն ընտրել են զարգացման եվրոպական ճանապարհը, որը ենթադրում է հարեւանների միջեւ սահմանների պարտադիր բացում»,- ընդգծել է զրուցակիցը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հայ եւ վրաց հասարակություններում կան ընկալման չափանիշներ, որոնք հարկավոր է փոխել: «Հայաստանում ընդունված է կարծել, որ Թբիլիսին ավելի լավ է վերաբերվում Ադրբեջանին, քան Հայաստանին: Սակայն դա այդպես չէ: Հայերն ու վրացիները երկու քրիստոնեական ժողովուրդներ են, եւ մենք չենք կարող այնպես անել, որպեսզի մեզ միմյանց դեմ հրահրեն»,- ասել է նա: