Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն

Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն «իրավունք ունի պահանջելու», որ ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անմիջական առնչություն ունեն Ադրբեջանի ազգային անվտանգությանը, հանվեն։ Նա այդպես է պատասխանել ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

«Այսօր իրոք խնդիր են Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում Անկախության հռչակագրին, որտեղ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանին միավորման» կոչ կա։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու, որ այդ դրույթը հանվի ՀՀ Սահմանադրությունից, քանի որ անմիջապես առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը և չի կարող որակվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,–ասել է Հաջիզադեն, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ Հաջիզադեի, ՀՀ ԱԳՆ այն տրամաբանությունը, որ այդ խնդիրը կարելի է անտեսել, ցուցադրում է, որ Երևանը «շահագրգռված չէ կայուն խաղաղության մեջ»։

Ըստ նրա, «Հայաստանն Ադրբեջանի անկեղծությանը կասկածելու ոչ մի բարոյական իրավունք չունի, քանի որ գործընթացի նախաձեռնողը հենց Բաքուն է եղել»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---