Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են

Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են

PanARMENIAN.Net - Հունիսի 17–ից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են առցանց։

Ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---