Լավ է կանխարգելել, քան բուժել․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ է անցկացվել

Լավ է կանխարգելել, քան բուժել․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ է անցկացվել

PanARMENIAN.Net - Դալմա Գարդեն մոլը և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնը համատեղ իրազեկման արշավ անցկացրել ենկրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ։

Առողջությունը՝ որպես գերագույն արժեք

Ամեն տարի Հայաստանի առաջին մոլը հյուրընկալում է միլիոնից ավելի այցելուի։ Դալմա Գարդեն մոլին սոցիալական հարթակներում հետևում է 300,000-ից ավելի օգտատեր։ Նրանցից շատերը կանայք են՝ ամենատարբեր տարիքային խմբերի, հետաքրքրությունների և բնագավառների։ Նրանք գալիս են մոլ գնումներ կատարելու կամ պարզապես լավ ժամանցի հետևից։ Միևնույն ժամանակ նրանք բոլորը Դալմա համայնքի կարևոր անդամներն են, իսկ Դալման իր գործունեության 11 տարվա ընթացքում միշտ կարևորել է իր շուրջ ձևավորված համայնքին աջակցելը։

Այդ պատճառով էլ 2022 թվականին, ընկերությունն իր տասնամյակի առիթով հանրությանը ներկայացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախագծերին վերաբերող ռազմավարությունը։ Այն միտված էր սահմանելու այն բոլոր ուղղությունները, որոնցում ընկերությունը նախատեսում է նախագծեր իրականացնել. հայրենիքի պաշտպանություն, համայնքների զարգացում, շրջակա միջավայր և կրթություն։

Այս տարի, կանանց միամսյակի առիթով այդ ցուցակում ընդգրկվեց նաև առողջապահությունը.Դալման, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ, իրականացրել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ։ Նպատակը մեկն էր՝ հայ կանանց շրջանում ձևավորել կրծքագեղձի առողջությանը հետևելու մշակույթ։ Ունենալով այդքան մեծ կանացի լսարան և դիտարկելով առողջությունը որպես գերագույն արժեք՝ Դալման չէր կարող անմասն մնալ և որոշել է գործել։

Արշավի շրջանակում մոլի այցելուները հնարավորություն են ստացել անցնելու կրծքագեղձի և վահանաձև գեղձի անվճար սոնոգրաֆիա՝ նախնական գրանցմամբ։ Խրախուսելով առողջության կանոնավոր մոնիթորինգը՝ Դալման և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մասնակիցներին տրամադրել են 25% զեղչի կտրոններ նաև հետագա ստուգումների համար։ Արշավի ընթացքում Dalma Gift Card ձեռք բերած բոլոր այցելուները ևս ստացել են նման զեղչի վաուչերներ՝ մեկ տարի ժամկետով։

Արշավի արդյունքում 1000-ից ավել կին անցել է անվճար ստուգում, իսկ ավելի քան 4000-ը ստացել է զեղչի կտրոններ։

Կանայք՝ կանանց համար

Դալմա Գարդեն մոլի համար կարևոր էր, որ այս արշավը խոսի կնոջ ձայնով և ձևավորի համախոհ կանանց համայնք, որը կբարձրաձայնի կարևոր գաղափարներ։ Ոգեշնչվելով բրիտանական Vogue ամսագրի մարտ ամսվա շապիկով՝ Դալման որոշել է մեկ տաղավարում հավաքել տասնյակից ավել հաջողակ հայ կանանց, որոնք արշավի գաղափարը կհասցնեին հասարակության լայն հատվածներին։ Ընտրեցին կանանց, որոնք կարող էին ազնվորեն կիսվել սեփական փորձով` արշավը դարձնելով ավելի ընկալելի և ազդեցիկ: Նախագծի շրջանակում այդ կանանց հետ կազմակերպվել է թեմատիկ ֆոտոսեսիա և նկարահանվել տեսանյութ, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կիսվում է իր մտքերով առողջությանը հետևելու կարևորության մասին՝ փորձելով տեղ հասցնել այն ուղերձը, որ ինքդ քեզ սիրելը նաև առողջության մասի հոգ տանելու մեջ է։

Հայաստան՝ մեր օրեր

Այսօր Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի և վահանաձև գեղձի հիվանդությունների մակարդակը տագնապալի բարձր է, իսկ կանոնավոր ստուգումների ցուցանիշը՝ բավականին ցածր։ Ցավոք հասարակության մեծ մասը նախընտրում է դիմել բժիշկի միայն ծայրահեղ դեպքում, մինչդեռ կանխարգելիչ ստուգումները թույլ են տալիս խուսափել հավելյալ բարդացումներից, դարձնում են բուժումը ավելի կառավարելի և փրկում կյանքեր։ Տարեսկզբին, ուսումնասիրելով այս խնդրը, Դալմա մոլը իրազեկվածության մեծ բաց տեսավ և որոշեց լուծում գտնել: Եթե նույնիսկ այս արշավի արդյունքում ընդամենը մի քանի մարդ անցներ ստուգում, դա արդեն նախաձեռնող ընկերությունների համար մեծ հաջողություն կլիներ։

Արշավի շրջանակներում նախատեսված 300-ի փոխարեն մասնակիցների թիվը հատել է 1000-ը։

Արդյունքները չափելի դաշտ բերելու նպատակով ընկերությունը նախատեսում է մեկ տարվա ընթացքում հետևել անվճար հետազոտություն անցած և զեղչային վաուչեր ստացած մասնակիցների արդյունքներին, որպեսզի պարզի քանիսի մոտ է հայտնաբերվել հիվանդություն և քանիսն են կարողացել խուսափել բարդացումներից կանխարգելիչ ստուգումների արդյունքում։ Պարզ ասած՝ կփորձեն հասկանալ ուղղակիորեն քանի կյանք է փրկվել այս արշավի շնորհիվ։

Դալման չի նախատեսում սահմանափակվել միայն մեկ արշավով։ Վերջինիս հիմնական միտքն է ՝ «Կանանց օր ամեն օր» և այս կարգախոսի ներքո շարունակաբար տարբեր արշավներ կիրականացվեն։ Դալման վստահ է, որ նշանակալի նպատակների կարելի է հասնել նաև փոքր քայլերով , քանի դեռ դրանք արվում են հավաքական ջանքերի միջոցով։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---