ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բազմաշերտ գործակցության խթանման հարցեր են քննարկել

ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բազմաշերտ գործակցության խթանման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:

Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ նախագահը նշել է. «Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:

Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրի տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով գործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:

Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։

Հունիսի 17-ին Երևանում անցկացվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։

 Ուշագրավ
---