ՀՀ ԱԳՆ. 2001 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ էր

PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 12-ին Մադրիդում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին, որը տեղի է ունենում ԵԽ ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում: Նախարարների կոմիտեի նիստին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները:



«Իր անվտանգությունը ապահվելու Արցախի ժողովրդի մտահոգությունը ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, եւ դրան Ադրբեջանը հակադրեց ուժ` էթնիկ զտումներ, ապա անցավ բացահայտ լայնածավալ ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների: 2001թ. կողմերը բավականին մոտ էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառով դա չիրականացավ», - իր ելույթում նշել է Էդվարդ Նալբանդյանը:



Նրա խոսքերով, Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը շարունակություն ունեցավ Ադրբեջանի ղեկավարության կողմից 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների գոյությունն իսկ ամիսներ շարունակ մերժելու տեսքով:



«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, 2008 թ. Մոսկվայում ու Հելսինկիում ընդունված հռչակագրերն ու հայտարարությունները գնահատելով որպես խաղաղ գործընթացում առաջընթացի նախանշաններ, Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումներից եւ դադարեցնի ռազմատենչ եւ հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները եւ հանգեցնել խնդրի կարգավորմանը», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---