14 հունիսի 2002 - 23:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿԿԱՅԱՆԱ ՍՏՀ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը, հնարավոր է, որ կայանա հունիսի 24-25 Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, վերջնական պայմանավորվածություն նման հանդիպում անցկացնելու վերաբերյալ չկա: Այնինչ, հաղորդագրություններն այն մասին, թե Ստամբուլում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, չեն հաստատվել: Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հերքել է ՍՏՀ ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակներում երեք հարեւան երկրների ԱԳՆ-րի ղեկավարների հերթական հանդիպման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով, նա ինքը չի մասնակցի գագաթաժողովի աշխատանքներին, քանի որ այդ ժամանակ կլինի Սուդանի մայրաքաղաքում, որտեղ կկայանա «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության արտաքին գործերի նախարարների Խորհրդի 29-րդ նիստը: Միեւնույն ժամանակ, Գուլիեւը չի բացառել, որ իր հայ եւ թուրք գործընկերները երկկողմ հանդիպում կարող են ունենալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: