13 մայիսի 2009 - 18:11 AMT
«Ալեքս Գրիգը» կարագի շուկայի նոր գերիշխողն է
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ ) այսօրվա նիստում «Ալեքս Գրիգ» ընկերությունը համարվել է գերիշխող դիրք ունեցող եւ գրանցվել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում, իսկ «Մառնիկը» հանվել է գրանցամատյանից, քանի որ կորցրել է իր գերիշխող դիրքը: Այդ մասին Հանձնաժողովի նիստի ընթացքում հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը: Բացի այդ, հանձնաժողովն ուսումնասիրել է կարագի եւ բուսական յուղի շուկաների կառուցվածքը, ինչպես նաեւ այդ շուկաներում հարուցված վարույթների արդյունքները:

ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, 2008 թ. շուկայում գործել է 23 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 14-ը զբաղվել է ներկրմամբ, 7-ը` արտադրությամբ (2-ը նաեւ ներկրմամբ): Նշված ժամանակահատվածում արտադրվել է 211,4 տոննա կարագ:

Շուկայում 2008 թ. իրացման ծավալներով «Ալեքս Գրիգը»` 47,85 տոկոս բաժնով, ունի գերիշխող դիրք: «Մառնիկը»` 11,91 տոկոս իրացման ծավալով, կորցրել է գերիշխող դիրքը:

Ինչ վերաբերում է բուսական յուղի շուկային, Հանձնաժողովի կողմից Երեւանի վաճառակետերում իրականացրած բուսական յուղի իրացման գների դիտարկման արդյունքների համաձայն, 2009 թ. մարտի 3-5-ը որոշ վաճառակետերում նկատվել է բուսական յուղի գների բարձրացում միջինը` 19 տոկոսով: Սակայն մարտի 30-ի դրությամբ բուսական յուղի իրացման գները որոշակի չափով նվազել են մարտի 5 -ի գների նկատմամբ, բայց մնացել են բարձր` մարտի 2-ի գների նկատմամբ: Դիտարկվող վաճառակետերում 2009թ. մարտի 30-ին ամրագրված գների բարձրացումը 2009թ. մարտի 2-ի գների համեմատ կազմել է 2-19 %:

Բացի այդ, Հանձնաժողովի նիստի ժամանակ, «Ինտերնետ-տեխնոլոգիաների կենտրոնը» մենաշնորհատեր է ճանաչվել է «am» դոմենով ինտերնետ հասցեների գրանցման շուկայում: