13 մայիսի 2009 - 19:29 AMT
Ադրբեջանը գտնվում է ցունգ-ցվանգի դրության մեջ
Ներկայումս Ադրբեջանը գտնվում է ցունգ-ցվանգի դրության մեջ, քանի որ կանգնած է ընտրության առջեւ` միանալ Թուրքիային եւ այդպիսով կանխավ պարտվողական բանակցություններ վարել Հայաստանի հետ, որոնք ենթադրում են լուրջ զիջումներ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքականագետ Ռասիմ Աղաեւը : Նրա խոսքերով, կա նաեւ այլ ուղի. Ադրբեջանը Թուրքիային հնարավորություն կտա ինքնուրույն լուծել իր խնդիրները, եւ դեմ առ դեմ կմնա Հայաստանի ու նրա բարեկամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի հետ: «Իսկ դա կնշանակի բանակցային գործընթացի վերջնական սառեցում եւ գոյություն ունեցող ստատուս-կվոյի պահպանում», - ասել է Աղաեւը: Նրա խոսքերով, Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մոտենում է գրեթե այնպես, ինչպես ամերիկացիները: «Նրանք գտնում են, որ տվյալ փուլում հակ չէ իրար կապել երկու խնդիրները: Ավելի կարեւոր է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները եւ հաղորդակցական միջանցք ստեղծել ամերիկացիների համար` Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծի իրականացման նպատակով: Նման հսկայական նախագծի իրականացման անհրաժեշտության առնչությամբ համարվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարելի է եւ հետաձգել: Այդ գաղափարին է ծառայում տխրահռչակ «ճանապարհային քարտեզը», որի մասին վերջերս արդեն չեն խոսում», - ասել է քաղաքականագետը:

Աղաեւը նաեւ նշել է, որ զուտ հայտարարությունների մակարդակով, ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը հավատարմություն են հայտնում Մադրիդյան սկզբունքներին: «Իսկ իրականում ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կերպ չի առնչվում հայ-թուրքական հարաբերություններին: Այդ առնչությամբ Թուրքիան եւ Հայաստանն ընթանում են նվազագույն քայլերի ճանապարհով իրենց միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Պաշտոնապես ոչինչ չի արվի մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, բայց իրականում ինքնաթիռները չվերթներ կկատարեն, ցամաքային սահմանները ավելի ու ավելի հաճախ կբացվեն: Դրա շուրջ մեծ աղմուկ կբարձրանա, որի արդյունքում որոշ ժամանակով սահմանը կփակեն: Սակայն դրան զուգահեռ սահմանը մաղի կվերածվի, եւ ապրանքաշրջանառությունը կմեծանա` հասնելով պահանջվող ծավալի, երբ այդ հարաբերություններն արդեն անհնարին կլինի դադարեցնել», - ընդգծել է Աղաեւը` հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»: