Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում

Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում

PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին, ասել է, որ հուլիսի 4-ին ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, 4-5-ին արևադարձային հոսանքների բուռն ներթափանցում կգրանցվի հարավ-արևմուտքից, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ դրա արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 5-ից կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք հատվածներում բարձրացումն ավելի էական կլինի՝ մոտ 12-15 աստիճանով։

«Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերից սկսած Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում կլինեն հորդառատ տեղումներ՝ ուղեկցված կարկուտով, հուլիսի 7-ից նորից կսկսի ջերմաստիճանը նվազել»,-ասել է նա։

Անդրադառնալով հուլիսի ամսվա եղանակի կանխատեսումներին՝ Սուրենյանն ասել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։

«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս։ Առավելագույն ջերմաստիճանը կանախատեսվում է Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում՝ 38-40 աստիճան, որը կարող է լինել 1-2 օր, բայց ոչ առաջիկա օրերին, հավանական է, որ լինի հուլիսի 3-րդ տասնօրյակում»,-ասել է կենտրոնի փոխտնօրենը։

Հանրապետության տարածքում` հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայհիդրոմետը։

Երևանում՝ հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 3–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27 աստիճան, հուլիսի 4–ին՝ +34, հուլիսի 5–ին՝ +37։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---