13 մայիսի 2009 - 22:33 AMT
Վարչապետը ծանոթացրել է կրթության, աշխատանքի ու գյուղատնտեսության նախարարությունների աշխատակիցներին նորանշնակ նախարարների հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարություններ եւ դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Արմեն Աշոտյանին, Գեւորգ Պետրոսյանին եւ Գերասիմ Ալավերդյանին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ներկայացնելով նախարար Արմեն Աշոտյանին եւ շնորհավորելով նրան` ՀՀ վարչապետը կարեւորել է նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի արդյունավետ աշխատանքը, նաեւ նշել, որ հարգանքով է վերաբերվում քաղաքական գործընկերների դիրքորոշումներին:

«Պատիվ ունեմ ներկայացնելու նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանին, որը եղել է ԱԺ-ի ակտիվ պատգամավորներից մեկը, մշտապես հանդես է եկել նոր գաղափարներով եւ նախաձեռնություններով, այդ թվում` կրթական համակարգին վերաբերող: Մի անձնավորություն, ով կրթական համակարգի խնդիրները գիտե բովանդակային առումով: Ես համոզված եմ, որ նա կարող է սահուն անցնել իր պարտականությունների կատարմանը, իհարկե, նախարարության կոլեկտիվի անհրաժեշտ եւ անմիջական աջակցությամբ: Նախարարության առջեւ ծառացած հիմնական խնդիրը համակարգում որակի բարձրացումն է, եւ մենք շատ անելիքներ ունենք ձեզ հետ միասին: ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիոն կառավարությունից ունի քաղաքական դրդապատճառներ, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում քաղաքական գործընկերների դիրքորոշումներին, անկախ նրանից` համաձայն ենք այդ դիրքորոշումների հետ, թե ոչ:

Դա կառավարության գործունեության քաղաքակիրթ ձեւն է, որով ՀՀ-ում ձեւավորվում է նոր ավանդույթ: Նախարարները ՀՀ-ում քաղաքական գործիչներ են: Նրանք հետեւում են, որպեսզի կառավարության կողմից այս կամ այն բնագավառում որդեգրված քաղաքական գիծը ճշգրիտ կատարվի: Դա միեւնույն ժամանակ նշանակում է, որ նախարարությունը պետք է համալրված լինի փորձառու մասնագետներով, աշխատանքներն իրականացվեն ամբողջությամբ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավարում նախարարությունը: Այդ տեսակետից մենք չափազանց կարեւորում ենք ձեր նախարարության աշխատանքը, մասնագետների կարողությունները, նրանց հմտությունների խորացումը, ինչը մեզ համար ունի էական նշանակություն: Ուզում եմ օգտվել առիթից եւ շնորհակալություն հայտնել Սպարտակ Սեյրանյանին իր կատարած աշխատանքի համար: Նա սկզբունքային մարդ է, ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն: Ես համոզված եմ, որ որտեղ էլ լինի Ս. Սեյրանյանը, պետության ամրապնդման գործում ունենալու է իր դերակատարությունը: Ավելին, կարծում եմ, որ ունենալով Ս. Սեյրանյանի նման ընդդիմախոս, կառավարութունը միայն ուժեղանալու է: Կառուցողական ընդդիմությունը հնարավորություն է տալիս, որպեսզի կառավարությունը լինի զգոն, սկզբունքային հարցերը լինեն ուշադրության կենտրոնում, թույլ չտրվեն բացթողումներ, թերությունները բացահայտվեն ժամանակին: Համոզված եմ, որ դրանից մեր հասարակությունը կշահի: Ի դեմս ՀՅԴ-ի ունենալու ենք ընդդիմադիր ուժ, եւ համոզված եմ, որ այդ հարաբերությունները լինելու են ուսանելի մեր սերունդների համար, ինչը նաեւ նոր քայլ է մեր պետականության ամրապնդման գործում»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գեւորգ Պետրոսյանին եւ շնորհավորելով նրան` ՀՀ կառավարության ղեկավարն ասել է.
«Գեւորգ Պետրոսյանն ունի մեծ գիտական փորձ: Իրավագիտության մեջ ընտրել է այն ոլորտը, որն առնչվում է սոցիալական խնդիրների հետ: Համոզված եմ` ձեզնից շատերը ծանոթ են նրա աշխատություններին: Մենք ունենք տեսականորեն պատրաստված երիտասարդ քաղաքական գործիչ, ում տրվել է բացառիկ հնարավորություն ղեկավարել մի կարեւոր ոլորտ: Սոցիալական ոլորտի դերն ու նշանակությունն առավել կարեւորվում է ճգնաժամի պարագայում, երբ մարդկանց հուզող սոցիալական խնդիրները մեծ հնչեղություն են ստանում: Մենք որպես թիրախ ունեինք Հայաստանում աղքատության հաղթահարման խնդիրը: Ճգնաժամը բնականաբար բարդացնում է այս խնդրի լուծումը, որովհետեւ տասնյակ հազարավոր ընտանիքներ աղքատության շեմին են, եւ մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի նրանց բեռը թեթեւացնենք: Հեշտ ժամանակներում չէ Գ. Պետրոսյանը ստանձնում նախարարի պաշտոնը, բայց ես համոզված եմ, նրա փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան կազմակերպել նախարարության աշխատանքները:

Շնորհավորելով նորանշանակ նախարարին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսեն Համբարձումյանին կատարած աշխատանքի համար: Նա նույնպես երիտասարդ քաղաքական գործիչ է եւ կարծում եմ, որ նախարարի պաշտոն զբաղեցնելը նրա կենսագրության մեջ ունենալու է կարեւոր նշանակություն: ՀՅԴ-ի կադրային ներուժը դրանով ուժեղանում է եւ, համոզված եմ, որ ի դեմս Ա. Համբարձումյանի կունենանք այնպիսի ընդդիմախոս, ով մեզ մշտապես կօգնի բացահայտելու նախարարության առջեւ ծառացած լուրջ խնդիրները, չկորցնելով մեր զգոնությունը»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանին, ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանին: Շատերդ ճանաչում եք նրան, փորձառու մասնագետ է, քաջատեղյակ գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրներին, կառավարության ծրագրերին: Շնորհավորելով մեր գործընկերոջը նշանակման կապակցությամբ ասեմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նշանակվում են քաղաքական գործիչներ, որոնք պետք է քաղաքական դիրքերից հետեւեն, որպեսզի ընդունված որոշումները եւ քաղաքականությունը լիակատար կերպով իրականացվեն: Դրա համար անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, եւ ես համոզված եմ, որ նախարարությունը համալրված է այդպիսի մասնագետներով: Դա է երաշխիքը, որ նախարարի փոփոխությունը կլինի սահուն, եւ ձեզ հետ միասին կկարողանանք նախարարության առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել ամբողջությամբ եւ ժամանակին: Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Արամայիս Գրիգորյանին: Նրա հետ կարճ ժամանակ աշխատեցինք, բայց հասցրեցինք մտերմանալ: Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր եւ հաճելի, որովհետեւ առանձնահատուկ մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն է: Համոզված եմ, որ Ա. Գրիգորյանը կօգնի մեզ, քանի որ սրտացավ մարդ է, եւ նրա խորհուրդն ու գնահատականներն օգտակար կլինեն նորանշանակ նախարարի համար»:
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին, վստահեցրել, որ պատվով կկատարեն առաջադրված խնդիրները: