13 մայիսի 2009 - 23:50 AMT
Արկադի Անդրեասյան. Ես ամաչում եմ, որ Հայաստանն այդպիսի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ունի
Այսօր «Արարատ» ՖԱ շտաբակայանում ակումբի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Հրաչ Կապրիելյանը եւ նորանշանակ փոխնախարար Արկադի Անդրեասյանը, կապված Եվրոպայի լիգայի ընտրանու խաղերի մասնակցության համար «Արարատ» ՖԱ հավաստագիր չտալու հետ, արդեն երկրորդ մամլո ասուլիսն են հրավիրել շաբաթվա ընթացքում, որի ընթացքում Անդրեասյանը հերթական անգամ դժգոհություն հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից:

«Ես ամաչում եմ Հայաստանի համար, որովհետեւ մենք այդպիսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ունենք: Ինչպե՞ս կարող էր նա այդպես արտահայտվել: Չէ որ նա երկիրն է ներկայացնում: Ես նույնիսկ ամաչում եմ կրկնել նրա խոսքերը, ոչ թե նրա համար, որ վախենում եմ նրանից, այլ որովհետեւ դա կոռեկտ չէ: Թերթեր կարդում են ոչ միայն այստեղ, այլեւ արտասահմանում: Յուրաքանչյուրն այդպիսով կարող է խուլիգան դառնալ: Բայց այդպես չի կարելի: Ես երկար տարիներ մարզիչ եմ աշխատել, բայց այդպիսի խնդրի չեմ հանդիպել»,- նշել է Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Կապրիելյանի գլուխը ասֆալտին կջարդի..., իսկ Արկադի Անդրեասյանը հիվանդ մարդ է»:

Արկադի Անդրեասյանը նաեւ հավաստիացրեց, որ նա չի կարող վնասել հայկական ֆուտբոլին եւ ՀՖՖ նախագահն իրավունք չունի խառնվել «Արարատի» գործերին:

«Ի՞նչ կապ ունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը «Արարատ» ՖԱ հետ: Նրա ի՞նչ գործն է` մենք մոռանում ենք, թե ոչ: Տեսեք` իմ կողմից պատրաստված քանի ֆուտբոլիստներ է նա գողացել. Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Գալուստ Պետրոսյան: Իսկ այժմ մտածում է մեր դարպասապահ Գեւորգ Պրազյանի մասին: Պրազյանին ես մարզում եմ 14 տարեկանից, նրան ֆուտբոլիստ ես եմ դարձրել: Թող ՀՖՖ նախագահն ասի, թե ինչու այնպիսի հեռանկարային ֆուտբոլիստներ, ինչպիսին Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը, որոնց մեծ ապագա էին խոստանում, չարդարացրեցին սպասումները: Միգուցե ե՞ս եմ մեղավոր դրանում: Ո'չ: Դրանում նա է մեղավոր»,- ասել է Անդրեասյանը: