ԲԴԽ-ն դադարեցրել է Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորն է։ Վարույթի հարուցման հիմքը «մարտի 1-ի» գործն էր, գրում է Panorama.am-ը։

ԲԴԽ որոշման համաձայն, որը հրապարակել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, «Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշել է դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` էական կարգապահական խախտման հիմքով»։

Նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Այնուհետև Անդրեասյանն ասել է․ «Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով:

Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն:

Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը, խորհրդի համոզմամբ, տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Մասնավորապես դատավոր Աննա Դանիբեկյանը, չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը, տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ և սանկցիաներ չի կիրառել:

Բացի այդ, դատավորը արդարադատության շահի ապահովման և անհրաժեշտ արդյունավետ քննության համար չի առանձնացրել և առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։ Վերը թվարկված անգործության տարբեր դրսևորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանը այս ամենի ադյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»։

Արդարադատության նախարարը 2024 թ. մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել։ Վարույթ հարուցվել էր ՀՀ դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութի պատճառով, ըստ որի Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---