Միրզոյան. ՀՀ–ն ջանում է Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման ուղղությամբ

Միրզոյան. ՀՀ–ն ջանում է Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ում, ներկայացնելով ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը, ասել է, որ Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։

Նա հավելել է, որ Հայաստանը կշարունակի իր ջանքերը կառուցվածքային սահմանափակումները և խոցելիությունը հաղթահարելու ուղղությամբ։

«Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա։ Գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։

Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն։

Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ հիմնվելով երրորդ կամավոր զեկույցի արդյունքների վրա՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը կառուցվածքային սահմանափակումները և խոցելիությունը հաղթահարելու ուղղությամբ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, գենդերային հավասարության առաջմղումը և ամենախոցելի խմբերին հատուկ ուշադրությունը կլինեն մեր ապագա գործողությունների հենասյունը՝ կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականից հետո գործողությունների նախապատրաստման համար»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձեավորելու ժամանակն է։

«Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել ե անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ես դա հասկանում է»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---