Նիդերլանդների վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ի փոխգործակցության խորացումը

Նիդերլանդների վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ի փոխգործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ հաբդիպմանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը:

Սխոուֆը նշել է, որ Նիդերլանդները կարևորում է ՀՀ-ի փոխգործակցության խորացումը և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ ի նպաստ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Կողմերը կարևորել են երկար բանակցություններից հետո Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Վարչապետը կարևորել է դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։

 Ուշագրավ
---