Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 29–ին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 29–ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ն անցկացվելու է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս անգամ փառատոնն առանձնանում է ինչպես մասնակիցների մեծ թվով, այնպես էլ հագեցած ծրագրով։ Կինոփառատոնն այս տարի ստացել է 700-ից ավելի հայտ՝ 85 երկրից։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշել է, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ՝ 20 երկրից։ Հայաստանից բացի փառատոնին մասնակցում են Ռուսաստանից, Բրազիլիայից, Իտալիայից, Չեխիայից, Ֆիլիպիններից, Չինաստանից, Իսպանիայից, Բելգիայից և այլ երկրներից, հայտնում է Արմենպրեսը։

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է «Միջազգային ծրագիր», «Ազգային ծրագիր», «Ուսանողական ծրագիր»։

«Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ երիտասարդ ստեղծագործողների համար։ Ի տարբերություն լիամետրաժ ֆիլմերի, կարճամետրաժ ֆիլմերի տարածման հնարավորությունները շատ քիչ էին և մեր երիտասարդները խրախուսման կարիք ունեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք տարբեր ուղղություններով՝ կրթություն, գործնական պարապմունքներ, խրախուսման մեխանիզմներ։ Արդյունքները սպասեցնել չտվեցին։ Եթե օրինակ, փառատոնի անցկացման սկզբի տարիներին «Ազգային ծրագիր» բաղադրիչով ստանում էինք 10 ֆիլմ, ապա այս տարի 45 ֆիլմ ենք ստացել։ Արդեն մեր երիտասարդ ռեժիսորների մոտ ձևավորվում է մրցակցություն, փոխվում են որակական չափանիշները»,-ասել է Գուժ Թադևոսյանը։

Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոնների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր։ Փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում։ Փառատոնային ծրագրի մի մասը կներկայացվի նաև Տավուշի մարզում։ Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակիցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---