ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման ժամկետներում չեն համընկնում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Պրահայում ցույց տվեց, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետների հարցում չեն համընկնում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Ելնելով այն հայտարարություններից, որոնք արել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Պրահայում հանդիպումից հետո, կարելի է հասկանալ, որ Ռուսաստանը չի շտապում լուծված տեսնել ղարաբաղյան հակամարտությունը».- ընդգծել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, պաշտոնական Մոսկվան միշտ հսկայական դեր է խաղացել ԼՂ հակամարտության մեջմ, եւ այն պայմաններում, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանը հակամարտության լուծման տարբեր ժամկետներ ունեն, դժվար թե լուրջ տեղաշարժեր լինեն: «Ինձ անհանգստացնում է այն, որ մեր հասարակությունը մոռանում է Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախադեպերը, մինչդեռ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հենց այդ նախադեպերի ֆոնի վրա»,- ընդգծել է փորձագետը, ավելացնելով, որ Հայաստանը պետք է այդ բանավեճի մեջ ներառի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:



«ԱՄՆ դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ փոխվում է, եւ այստեղ արդեն նկատվում են Հայաստանի համար ոչ բարենպաստ ազդանշաններ: Հայաստանի ղեկավարությունը պետք է վերլուծի եւ հասկանա մեր երկրի հանդեպ ամերիկյան քաղաքականության փոփոխությունների պատճառները»,- նկատել է Ստեփան Գրիգորյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---