Ալեքսանյանը հիասթափված է մրցավարների անարդարությունից․ Եզրափակիչ գոտեմարտը բողոքարկվել է 9 օգոստոսի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ասել է, որ հիասթափված է մրցավարական անարդարությունից և հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշի եզրափակիչ գոտեմարտը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 2024-ի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: «Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Այդուհանդերձ, Ալեքսանյանն ընդգծել է, որ կշարունակի մարզական կարիերան, թեև մրցավարական կողմնակալություններն ու անարդարությունները հիասթափեցնող են։ «Այո, այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում: Ընդ որում, կողմնակալությունները միայն իմ դեպքում չէին: Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց հաղթանակը, ու նա կարող էր դուրս գալ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, բայց այսօր Սլավիկը մնաց առանց մեդալի, քանի որ ինչ-ինչ պատճառներով գոտեմարտի արդյունքը փոխվեց: Նույնն այսօր Արսեն Հարությունյանի պարագայում էր: Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկում է եղել: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- ասել է Ալեքսանյանը: Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին: «Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Փարիզ-2024-ի մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ: Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |