Աբրահամյան. Ինչո՞ւ են շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը

Աբրահամյան. Ինչո՞ւ են շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ապաշրջափակման հարցը «խաղաղության պայմանագրի» տեքստից հանելուն, հարց է բարձրացնում, թե ինչու են ՀՀ իշխանությունները շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ ցավոտ զիջումների:

Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը:

Չի բացառվում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրույթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցությունների առարկա:

Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը:

Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո:

Ու այս դեպքում կապ էլ չունի, թե «խաղաղություն» կոչվող փաստաթղթի մեջ ինչ է դրված կամ գրված: Սրանց համար կարևորը ոչ թե խնդիրներ կարգավորելն է, այլ մարդկանց մոլորության մեջ գցելով իշխանություն պահելն ու վերարտադրվելը»,–գրել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի հայտարարությանը։

Ավելի վաղ Ամիրբեկովն ասել էր, որ կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից։

 Ուշագրավ
---