15 մայիսի 2009 - 00:28 AMT
ՀՀ ղեկավարը Թուրքիային խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի գործընթացին միջամտելուց
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Սերժ Սարգսյանը միանգամայն դրական եւ օգտակար է համարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ բրիտանական կողմի առաջարկությունը, ինչը, նրա խոսքով` հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր հարցերի շուրջ միմյանց մոտեցումներին ու դիրքորոշումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը եւ ընդգծել, որ ամենաօգտակարը, որ կարող է անել Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում այն է, որ նա ընդհանրապես չմիջամտի այդ գործընթացին: Ըստ երկրի ղեկավարի, եթե Թուրքիան ցանկանում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելը:

Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կարեւորում է հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: