Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արսենյանն ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ նա 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արսենյանը 1980-1981թթ. աշխատել է որպես Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանի տնտեսագետ: 1983-1986թթ.՝ Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորման ավագ տնտեսագետ: 1987-2000թթ. և 2007-2012թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ. 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում, 1997-1999թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ եւ «Հայագրոբանկի» խորհուրդների նախագահը: 1999-2001թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:

2000-2003թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար:

2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

Պարգևատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ.) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.) մեդալներով:

 Ուշագրավ
«Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
---