ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով 58 հիվանդ կա, 41-ը՝ հոսպիտալացված. Վարակակիր մոծակներին գտել են Արագածոտնում

ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով 58 հիվանդ կա, 41-ը՝  հոսպիտալացված.  Վարակակիր մոծակներին գտել են Արագածոտնում

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41 հոսպիտալացված կա, 4 հոգու վիճակը ծանր է, ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

Հետազոտությամբ հիվանդության հարուցիչ հայտնաբերվել է Արագածոտնի մարզում փոխանցողների՝ մոծակների շրջանում, հայտնում է «Արմենպրես»-ը:

Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվել, բայց այն հայտնի է դեռևս 1960-ական թվականներից:

«1980-ական թվականներին Հայաստանում հետազոտվել են փոխանցողները, այսինքն՝ մոծակները: Սակայն այն ժամանակ չի հայտնաբերվել: Նախորդ տարվանից վերսկսվել են փոխանցողների շրջանում այս հետազոտությունները: Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել, այս տարի հուլիս ամսվա վերջին պարզվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը: Սա, բնականաբար, մեզ համար նշան էր, որ, եթե փոխանցողի մեջ կա հարուցիչի հայտնաբերում, ապա սա կարող է բերել նաև մարդկանց շրջանում դեպքերի գրանցման»,-ասաց Աթոյանը:ՀՎԿԱԿ տնօրենը հավելեց, որ անմիջական կապի մեջ են թե Երևանի, թե մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ աշխատանքի շնորհիվ իրազեկել են բուժաշխատողներին, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում դիտարկեն նաև Արևմտյան Նեղոսի տենդը:«Դրա շնորհիվ օգոստոսի 7-ին ստացանք առաջին նմուշը, հետազոտեցինք և ունեցանք դրական պատասխան»,-ասել է նա՝ հավելելով, որ կրկին թեստ են արել, օգոստոսի 10-ին հաստատվել է, օգոստոսի 12-ին իրազեկել են բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին, որ զգոնությունը բարձր լինի:

«Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում են հիմնականում 3 մարզ՝ Արագածոտնի, Արմավիրի և Արարատի, որտեղից ակնկալում ենք, որ փոխանցողները կարող են լինել: Սակայն մինչև այժմ փոխանցողների մեջ հարուցիչ հայտնաբերել ենք միայն Արագածոտնի մարզից»,- ասել է նա:

Միջատաբանական հետազոտությունները շարունակվում են, այլ մարզերում դեռևս հայտնաբերում չի եղել:

«Մինչև օրս հաստատված ունենք 58 դեպք, ընդ որում՝ ներկայում հոսպիտալացված են մնում 41-ը: Նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է: 4 հոգու վիճակն է գնահատվում ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող դեպքեր չկան»,- ասել է ՀՎԿԱԿ տնօրենը:

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրվել է մահվան մեկ դեպք՝ 1938 թվականին ծնված տղամարդ: Ըստ Աթոյանի՝ տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա:

Աթոյանի խոսքով՝ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում են մինչև 1 տոկոս դեպքերում:

«Հայաստանում 41 հոսպիտալացվածից 50 տոկոսի մոտ են արձանագրվում ուղեղային երևույթներ: Մյուսների մոտ արձանագրվում են հիվանդությանը բնորոշ երևույթներ»,- նշել է նա:

Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց ևս չկա: Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը:

Արևմտյան Նեղոսի տենդը նույնպես ունի սեզոնայնություն: Հիմանական սեզոնը հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածն է, առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

Աթոյանը նշել է նաև, որ Հայաստանի հարևան երկրներում դեպքեր չեն հայտնաբերվել: Դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Արևելյան Եվրոպայում: Ամբողջ աշխարհում դեպքերի թվի բարձրացում է նկատվում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---