Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով

Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանն ասել է, որ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն էր ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով։

«2023 ժամանակահատվածն այն փուլն էր, երբ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ»,-ասել է պատգամավորը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ դրա նպատակը ոչ միայն բանակցային գործընթացքում Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին։

«Իրավիճակի բավականին մանրազննին դիտարկումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացքում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով»։

Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։

«Բանակը նրանց համար մղվել է երկրորդ պլան»,-ասել է պատգամավորը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---