Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով

Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ախթալայում լրագրողների հետ զրույցում, խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, ասել է, որ ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ելնելով ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքից, հայտնում է Sputnik Արմենիան։

2022թ․ սեպտեմբերին ևս Օվերչուկը հայտարարել էր՝ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով անցնում է այն։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել։

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքից»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Սեպտեմբերի 11–ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը՝ նշելով, թե ապաշրջափակման հարցը վաղուց կարելի էր լուծել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

 Ուշագրավ
---