Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ

Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ

PanARMENIAN.Net - ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է, որ հայկական կողմն անհանգստացած է Ադրբեջանի մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգի մասին հարցին:

«Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է տարբեր երկրներից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունն ու Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։

«Դուք եղել եք մեր ամրաշինական աշխատանքների մի միջավայրում ու տեսել եք, թե ծավալներն ինչպիսին են, բայց դուք տեսել եք շատ փոքր հատվածը, դա ամբողջ Հայաստանի սահմանով մեկ իրականացված ծրագրեր են: Ես դրանց անվանել եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու»,-ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով։

Ադրբեջանը մշտապես մեղադրում է եվրոպական երկրներին Հայաստանին զինելու մեջ և մտահոգություն հայտնում՝ անտեսելով սպառազինության իր լայնածավալ գնումները։

 Ուշագրավ
---