Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում

Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ակնկալվում է ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց ապահովել Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկել են և ունեն ընդհանուր ըմբռնում:

«Առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմաթիի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ մոտ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը տեքստի:

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում»,–ասել է նա։

Փաշինյանն ընդգծլ է, որ ՀՀ և Վրաստանի երկրների բարեկամության լավագույն արտահայտումն այն էր, որ այս տարվա հունվարի երկկողմ համագործակցությունը հասցվեց ռազմավարական մակարդակի։

«Մենք աներկբայորեն հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես Հայաստանինն ու Վրաստանին են` փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը Վրաստանում է պաշտոնական այցով։

 Ուշագրավ
---