Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար

Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում, պատասխանելով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխության մասին հարցին, ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։

«ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,–ասել է նա։

Վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ում քննարկվող այն թեմային, թե արդյոք Հայաստանը մտածում է վերադառնալ մասին։ Փաշինյանը նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

«Մեր այդ շեշտադրումից անցել է 2 տարի, բայց պատասխանները չեն հնչել և ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ինչքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, ամեն րոպե ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-ասել է նա՝ հավելելով, որ կա «անդառնալիության կետ» արտահայտությունը։

«Եթե այդ կետը չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

 Ուշագրավ
---