Փաշինյան․ Խաղաղության պայմանագրի բովանդակությունը բացահայտված է՝ միջազգային դիվպրակտիկայից անհայտ որևէ բան չկա

Փաշինյան․ Խաղաղության պայմանագրի բովանդակությունը բացահայտված է՝ միջազգային դիվպրակտիկայից անհայտ որևէ բան չկա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ժողովրդի համար բացահայտված է և որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա։

Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը ժողովրդից գաղտնի պահում խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, հայտնում է Արմենպրեսը։

«Խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին անդրադարձել եմ տարբեր առիթներով՝ ասուլիսներում, ելույթներում, հարցուպատասխաններում։ Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Չեմ կարող պահել այդ թուղթը և ասել, թե յուրաքանչյուր կետում ինչ է գրած։ Դա աշխատանքային փաստաթուղթ է։

Եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, նշանակում է, որ առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի, և դա միակողմանի բացահայտելը կոռեկտ չէ։ Իսկ մնացած մասերով ամեն ինչ հրապարակել ենք։ Այս փաստաթղթում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին և այլն և այսպես շարունակ։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ամբողջ բովանդակությունն առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է։

«Ես անընդհատ տարբեր մազեր եմ այցելում, անընդհատ տարբեր ձևաչափերով հանդիպումներ եմ ունենում, անընդհատ քննարկումներ եմ ունենում, և այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը խաղաղության գործընթացն է»,-եզրափակել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---